Ուրբաթ, 26.04.2024, 01:16
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

Փնտրում:

Մեր հարցումը:

Գնահատեք մեր կայքը
Ընդամենը քվեարկում: 165

Վիճակագրություն:


Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Մուտք:

Կայքի դիզայնը


Խոսք գնահատանքի


Այսու գրով մեր հայրական օրհնությունն ու գնահատանքն ենք բերում «Գուգարք» պատմավավերագրական գրքի հեղինակ Գագիկ Քարհանյանին՝ հայրենիքի ու ծննդավայրի սիրով տոգորուն սույն գրքի լույսընծայման համար:
Յուրաքանչյուր ոք ծննդավայրի նկատմամբ պարտքի հատուցման իր ընկալումն ունի, եւ ողջունելի է, որ Գագիկ Քարհանյանը, կրթությամբ չլինելով բանասեր կամ պատմաբան, նվիրական նախաձեռնությամբ գիտակցել է գրով իր ծննդավայրը ժամանակակիցներին եւ սերունդներին ներկայացնելու կարեւորությունը՝ ջանադրությամբ շարադրելով Գուգարքի՝ այս հնագույն բնակավայրի պատմությունը: Պատմություն, որ ժամանակի հոլովույթում չի ջնջվել, այլ մնացել է հեղինակի նման հայրենասիրական մղումներով ապրող մարդկանց պատմական հիշողության մեջ ու սրտերում:
Գովելի, հիշարժան եւ միեւնույն ժամանակ պատասխանատու գործ է սերունդների համար մնայուն արժեքներ ստեղծելն ու թողնելը, ուստիեւ այս բոլորանվեր գիրքը սերունդների համար անկորնչելի վկայարան է:
Մեր հայրական օրհնությունն ենք հղում գրքի բոլոր աշխատասիրողներին եւ գյուղի բնակիչներին՝ հորդորելով ապրել նախնիների ժառանգությանը հավատարիմ, պանծացնելով նրանց անանց հիշատակը: Ապրել Աստծու մեծ սերը հոգում պարփակված եւ այդ սիրուն ապավինած:

Թող Բարձյալն Աստված օրհնի եւ պահպանի Ձեզ

Լավագույն մաղթանքներով եւ օրհնությամբ
Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան
Առաջնորդ Գուգարաց թեմի





Հարգելի հայրենակիցներ

Սիրելի Գուգարքցիներ


Գուգարք գյուղի և Գուգարքի տարածաշրջանի մինչև այժմ հիմնավոր չուսումնասիրված պատմությունը տարիներ առաջ սկսել էր ուսումնասիրել մեր հայրենակից Գագիկ Քարհանյանը: Նա պատմաբանների, հնագետների և այլ մասնագետների հետ, նրանց աջակցությամբ (ՀՀ ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյան, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Գագիկ Եթիմյան, ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյան, հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Սեդա Դևեջյան, հնագետ, պատմաբան Սարգիս Մեսրոպյան, Պատմական միջավայրի ուսումնասիրության Լոռու մարզային ծառայության պետ Արմեն Գերյան գիտաշխատող Հրաչիկ Մարուքյան և շատ ուրիշներ) երկար տարիներ լուրջ պրպտումներով հարուստ աշխատանք է կատարել, որը ըստ էության, գիտապատմական աշխատություն է իր մեջ ընդգրկելով Հայաստանի մի փոքր հատվածի` Գուգարք գյուղի և Գուգարքի տարածաշրջանի աշխարհագրական, պատմական, ազգագրական, մշակութային, ժողովրդագրական և այլ բազմաթիվ հետաքրքիր ուսումնասիրություններ սկսած քարե դարից մինչև մեր օրերը:

Այն հասցեագրված է Գուգարքին և հայ ժողովրդին առհասարակ:

Ուսումնասիրությունը նախատեսված է հրատարակել չորս գրքով. առաջին երկուսը Գուգարք գյուղի պատմությունն է, երրորդը և չորրորդը Գուգարքի տարածաշրջանի քսաներեք գյուղերի պատմությունը:

Մենք ձեռնամուխ լինելով հազարամյակների փառավոր պատմություն ունեցող Մեծ Հայրենիքի մի փոքր հատվածի պատմությունը մեր ժողովրդին ներկայացնելու հիրավի հայրենասիրական առաքելությանը կոչ ենք անում բոլորիդ  Ձեր ավանդը բերեք այս նվիրական գործին:

Գուգարք համայնքը գրքի հրատարակմանը աջակցում է հանգանակությամբ և համայնքի հնարավոր միջոցներով, ինչը սակայն բավարար չէ չորս հատորանոց գրքի լույս ընծայման համար:

Ակնկալելով Գուգարքի բոլոր զավակների աջակցությունը, համոզված ենք, որ շուտով մեր սեղանին կունենանք գիրք, որտեղ գուգարքցին կկարդա հարազատ գյուղի ու նրա մարդկանց մասին, ավելի շատ կսիրի ու կարժևորի իր հայրենի օջախը, կնվիրվի եղածը պահպանելու ու բազմապատկելու վեհ գործին, նորովի ու լավատեսորեն կնայի շրջապատին ու ապագային: Մեր նախապապերը հինավուրց Եղափը հասցրել են  մեր պապերին ու հայրերին շեն  ու գեղեցիկ Մեղրուտի ու Գուգարքի տեսքով:

Մենք պարտավոր ենք հաջորդ սերունդներին փոխանցել եղածը հազարապատկելու կտակը:

Այո հիշելով մեր նախնիներին և մեր փոքրիկ Հայրենիքի պատմությունը փոխանցելով սերունդներին, նրանց ավելի հզոր կդարձնենք, կոգևորենք ու կտոգորենք ազգասիրությամբ ու հայրենասիրությամբ, վաղվա օրն ու ապագան միասին կդիմավորենք բարությամբ ու լավատեսությամբ ազգի ու հայրենիքի դրոշը ամուր ու բարձր պարզած:

Թող Աստծո օրհնությամբ երջանկություն և ամենայն բարիք լինի բոլորիդ օջախներում:

Աշոտ Աշուղյան Գուգարքի գյուղապետ


Հարգելի հայրենակիցնե'ր

Մարդու հավերժության երկու հիմնական սյուներն են հայրենի հողն ու մայրենի լեզուն: Հայրենի հողը պահպանելը, հավերժացնելն  ու սերունդներին ավանդելը  ևս յուրաքանչյուրիս  պարտքն է ու  պարտականությունը, և այն պահպանելու  համար պիտի  գնահատել այդ հողի մարդուն և նրա գործը: Այսօրվա մեր բաժին հողի`մեր չքնաղ ծննդավայրի` Գուգարքի անցյալն  ու ներկան  կամրջող  պատմությունն ու  իրականությունը նվիրայալ գուգարքցու` Գագիկ Քարհանյանի գրչի տակ ձուլվել ու կյանքի է կոչվել:

Գիրքը հոգևոր արժեք է, հոգևոր սնունդ, հոգևոր բարիք ու բավականություն,առավել ևս երբ այն քո արմատների, քո նախնիների, քո բնօրրանի անցյալն է ու պատմությունը: Այն միջոց է գնահատելու մեր անցյալը,արժևորելու ներկան, ճշտելու ապագան: Գիրք գրելը և նախաձեռնելը սրբազան գործ է ,աստվածահաճո առաքելություն:
  Հրապարակ հանելով  մեր գյուղի ժողովրդի  հիշողությունն ու պատմությունը`մենք կունենանք այն վստահ համոզմունքը, որ սրտացավ համագյուղեցու ջանքերով ծնունդ առած ու արարված այս արժեքավոր գործը կդառնա յուրաքանչյուրիս համար
նվիրական ու թանկ` իբրև մեր գյուղի, գյուղացու, ազգակցի, նախնիների հիշողություններն ու հուշերն ամբարող պատմության վկայագիր:
Հարազատ գյուղի դեպքերն ու դեմքերը լուսաբանելը ներկա և գալիք սերունդների համար բարի գործ անելու և բարի հիշվելու մարդկային արժեքի փայլուն գիտակցում է:
Գյուղի ծագման պատմությունն ու կենսագրությունը ներկայացնելը և վաստակ ու համբավ  ունեցող գուգարքցիների գուգարքաբնակների գործի արժևորումը կնպաստի թե սերունդների ազգային պատվասիրության դաստիարակության և թե գյուղի ներքին միասնության ամրապնդման առաքինի գործին:
Գրքի հրատարակությունը յուրատեսակ տոն կլինի յուրաքանչյուր գուգարքցու և ընթերցասեր հայի համար, պատիվ ու հպարտություն, ուրեմն եկեք  առանց շահարկելու սոցիալական խնդիրներն ու անապահովությունը` շնորհակալության և խոնարհումի  բարձր գիտակցությամբ սատարենք այս պատվավոր գործին:


Գուգարքի  Հ.Շիրազի  անվան  ավագ  դպրոցի  տնօրեն

ԹԱԹՈՒԼ   ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ