Գուգարք գյուղի տարածքը գտնվում է Բազումի եւ Հալաբի լեռնաշղթաների միջլեռնային` Փամբակի գոգավորությունում, Փամբակ գետի աջ ափին, ծովի մակերեւույթից 1320-1350 մ բարձրության վրա: Հարավ-արեւմուտքում սահմանակից է Վանաձոր քաղաքին, հյուսիս-արեւելքում` Քարաբերդ եւ Փամբակ գյուղերի, արեւելքում` Լերմոնտովո, հարավ-արեւելքում` Շահումյան գյուղերի տարածքներին: Արեւելքում Հալաբի լեռներն են` թավուտ անտառներով, լեռնային մարգագետիններով, խոր ձորերով, լեռնային բազմաթիվ մեծ ու փոքր գետերով ու գետակներով, սառնորակ անկրկնելի բնական աղբյուրներով: Տարածքն ընդգրկում է շուրջ 1686,66 հա տարածություն` անտառներով, արոտավայրերով, խոտհարքներով, վարելահողերով, ճանապարհներով եւ անօգտագործելի տարածքներով հանդերձ, հյուսիսից-հարավ ձգվելով 4-5 կմ, արեւելքից արեւմուտք` 8-10 կմ…